
81 դիտում
Մեղրիում մեկնարկել է «Ստեղծարար համայնք, կայուն ապագա» խորագիրը կրող Արհեստների միջազգային 5-րդ փառատոնը, որին մասնակցում են շուրջ 20 արհեստագործ վարպետ Հայաստանից և 24 վարպետ՝ ԱՊՀ անդամ երկրներից, Վրաստանից ու Իրանից: 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրին երկօրյա միջոցառումների ծրագրի ընթացքում կդառնա ավանդական արհեստների, երգ ու պարի, համեղ ուտեստների տոնական վայր:
Փառատոնի բացմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, պաշտոնատար այլ անձինք։ Հ․ Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանի ուղեկցությամբ նրանք շրջել են տաղավարներով, ծանոթացել վարպետների աշխատանքներին, զրուցել մասնակիցների հետ։
Նախարարն առանձնակի կարևորել է փառատոնը Հայաստանի ամենահարավային քաղաքում՝ Մեղրիում անցկացնելու հանգամանքը․ «Ուրախ եմ, որ այս առիթով Մեղրիում են նաև տարբեր երկրների մեր գործընկերները՝ ներկայացնելու իրենց աշխատանքները։ Սա լրացուցիչ հնարավորություն էր նաև բոլորիս համար՝ առանձնակի բացահայտելու Սյունիքի տարբեր բնակավայրերի և հատկապես Մեղրիի արվեստագետներին ու ստեղծագործողներին։ Սա ցույց է տալիս, որ այսօրինակ միջոցառումները յուրահատուկ հարթակներ են ճանաչելու ստեղծագործողներին ու այս դեպքում՝ արհեստներով զբաղվող մարդկանց՝ միաժամանակ բնակավայրերը դարձնելով շարժուն նոր միջավայրեր թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների համար»։
Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել, որ Մեղրիի պոտենցիալը բացահայտելու և մշակութային, զբոսաշրջային ռեսուրսները գործուն դարձնելու անհրաժեշտոթյուն կա, ինչի ուղղությամբ էլ համայնքի հետ համագործակցությամբ աշխատանքներ են տարվում։
Փառատոնի այցելուները ծանոթացել են հայկական խոհանոցի ավանդույթներին, բացահայտել մարզին բնորոշ բացառիկ խոհարարական հմտությունները: Փառատոնի շրջանակում Մեղրիում ներկայացված են հայ և այլ ժողովուրդների ազգային արհեստները: Առանձին գոտիներից բաղկացած տաղավարներում կազմակերպվել են նաև կրթական, մշակութային, ժամանցային հետաքրքիր միջոցառումներ։
Նախարար Ժաննա Անդրեասյանը փառատոնի շրջանակում այցելել է նաև գեղանկարիչ Պապ Օհանյանի արվեստանոց-թանգարան, որը գտնվում է փառատոնային տաղավարների հարևանությամբ։ Այցի ընթացքում քննարկվել են Մեղրիի մշակութային կյանքի զարգացմանը, համայնքում ստեղծարար միջավայրի ձևավորմանն ու մշակութային զբոսաշրջության խթանմանը վերաբերող հարցեր։
Փառատոնն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հետ համագործակցությամբ, ինչպես նաև Մեղրիի համայնքապետարանի, Մշակույթի զարգացման հիմնադրամի և ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: